Ֆինանսական բուրգի սկզբունքով գործող MMM-2011 կազմակերպությունը Հայաստանում միանգամայն լեգալ գործում է 2011 թ. սկզբներից, եւ արդեն հասցրել է 260 անդամից գումար ներգրավել: NEWS.am-ը համոզվեց դրանում` այցելելով կազմակերպության գրասենյակ` Բաղրամյան 31 Ա հասցեով:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը օրերս հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «MMM 2011» ֆինանսական բուրգը լիցենզավորված չէ, եւ որեւէ առնչություն չունի Հայաստանի ֆինանսական համակարգի հետ:
Մարինա Հարությունյանը, ով ներկայացնում է MMM-2011-ը, հենց սկզբից հաճախորդին ազնվորեն զգուշացնում է, որ ներդրված գումարի վերադարձի երաշխիք չի տալիս, պայմանագիր չի կնքում, ու ընդհանրապես` համակարգն աշխատում է ֆինանսական բուրգի սկզբունքով: Այսինքն` գումարների ետվերադարձը տեղի է ունենում նոր ավանդատուների միջոցների հաշվին: Սակայն վստահեցնում է, որ մինչ այսօր չվերադարձնելու նախադեպ չունեն, քանի որ հաճախորդների պակաս էլ չունեն: Ցանցը միջազգային է, այն վերստեղծել է բանտից դուրս եկած Սերգեյ Մավրոդին, որին 90-ական թվականների վերջին ռուսական իշխանությունները կալանվորեցին հենց ֆինանսական բուրգի միջոցով մեքենայություններ անելու համար: Սակայն ներկայիս բուրգի գործունեության մեխանիզմը որոշ նորարարություններ ունի: Նախ, հաճախորդը ի սկզբանե զգուշացվում է ռիսկերի մասին: Երկրորդ` գումարները ոչ թե կանխիկ են ընդունվում, այլ փոխանցվում են բանկային հաշիվներին: Եւ վերջապես` ցանցը միջազգային է ու նոր երկրեր մտնելու միջոցով «երկարաձգում է» կյանքը: Մ. Հարությունյանը վստահեցնում է, որ գումարներ ստանում են եւ Իսրայելից, եւ ԱՄՆ-ից, եւ եվրոպական երկրներից:
Առաջարկվում են իսկապես շատ բարձր տոկոսադրույքներ: Այսպես` 12-ամսյա ավանդի դեպքում ամսական տոկոսադրույքը հասնում է մինչեւ 65%-ի: Ցպահանջ ավանդների դեպքում տոկոսադրույքը 20% է: Բացի այդ` կիրառվում է բոնուսների շատ ճկուն համակարգ:
Կազմակերպությունն ունի նաեւ պաշտոնական կայքէջ, որտեղ մանրամասն ներկայացվում են մասնակցության կանոնները:




























