Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահ Բորիս Ալյուշինին: NEWS.am-ին Կառավարությունից հայտնեցին, որ վարչապետը եւ Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանը, ստանդարտացման համակարգի կիրառման նպատակով իրականացվող բարեփոխումներին, ազգային ստանդարտների՝ միջազգային չափանիշներին ներդաշնակեցմանը վերաբերող հարցեր:
Համաձայն Հայաստանի 2012 թ. ստանդարտացման ծրագրի՝ նախատեսվում է մշակել եւ գործողության մեջ դնել 85 միջազգային (ԻՍՕ) եւ եվրոպական (ԵՆ) ստանդարտ:
«Ի դեմս ձեզ ստանդարտացման համակարգի ներդրման եւ կիրառման աշխատանքներում մենք ունենք լավ գործընկեր: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը նպաստում է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ամրապդնմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության հետ համագործակցությունից եւ շնորհակալություն հայտնել Բորիս Ալյուշինին՝ ատանդարտացման համակարգի կիրառման աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:


























