Փարիզում, ապրիլի 19-ին, տեղի կունենա «Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպումը` 15 երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ: Այս մասին բրիֆինգում հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն: Նա նշել է, որ Փարիզ կժամանեն 14 պատվիրակություններ, որոնց շարքում են Գերմանիայի, Հորդանանի, Մարոկկոյի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները: Սպասվում է, որ Փարիզ կայցելի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է ռադիո «Մայակը»:

Ինչ վերաբերում է այդ հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարարի ներկայությանը, Վալերոն նշել է, որ «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին փոխարինող կառույց չէ, այլ միայն լրացուցիչ մեխանիզմ է, ուստի դրան մասնակցելու հրավերը որեւէ կապ չունի այս կամ այն երկրի ՄԱԿ-ի ԱԽ անդամ լինելու հետ:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հանդիպումը Փարիզում անցկացնելու որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում են նոր ազդակ փոխանցել Դամասկոսին եւ աջակցություն հայտնել Քոֆի Անանի առաքելությանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: