Ես չեմ հերքում եւ չեմ հաստատում տեղեկությունը, որ հակամարտությունը կապված է վարչապետի ցանկության հետ՝ միավորել Երեւանի պետական լեզվաբանական համալսարանն ու Երեւանի պետական մանկավարժական համալսարանը։

Այդ մասին ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մինչեւ երեկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Զոլյանը։

Զոլյանի խոսքով, այդպիսի խոսակցություններ շրջանառվում են արդեն մոտ երեք տարի եւ գիտխորհդրի նիստերից մեկի ժամանակ ինքը հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ այդպիսի ծրագիր չկա։
Զոլյանը, սակայն նշել է, որ լեզվաբանական համալսարանի նկատմամբ կիրառվում են արհեստական սահմանափակումներ, որոնք ստիպում են կասկածել, որ կառավարությունն իսկապես ունի այդպիսի մտադրություններ։
«Կրթության նախարարի հրամանով համալսարանը պետք է զրկվեր լեզվաբանության եւ լեզվաբանական միջմշակութային կոմունիկացիաներ մասնագիտությունների արտոնագրից։ Սակայն մեր ջանքերով այդ հրամանը կասեցվեց։ Համալսարանում կմնային մասնագիտություններ, որոնք չունեն ուղղակի առնչություն մեզ հետ։ Խոսքը ժուռնալիստիկայի եւ կրթության կառավարման մասին է։ 4 հազարից կմնային 300-400 ուսանողներ եւ նպատակահարմար չէր լինի պահել համալսարանը», - ասել է Զոլյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանի եւ Սուրեն Զոլյանի միջեւ հակասությունը ծագել էր, այն բանից հետո, երբ ռեկտորը մեկնել էր Տարածաշրջանային լեզուների եվրոպական հռչակագրի փորձագետների կոմիտեի նիստին մասնակցելու, թեեւ նախարարը այդ այցը համարել էր ոչ նպատակահարմար եւ արգելել էր Զոլյանին մարտի 19-ից 23-ը բացակայել երկրից։