Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողների: Վերջիններիս խնդրանքով կառավարության ղեկավարը եւ ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանումներ են ներկայացրել համալսարանի ռեկտորի պաշտոնից Սուրեն Զոլյանին ազատելու որոշման կապակցությամբ:

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը գործել է ՀՀ օրենսդրության շրջանակում եւ այժմ փորձ է արվում այս հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա:

Բացի այդ, վարչապետը հավաստիացրել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերն անհեթեթություն են:

Ուսանողներն իրենց հերթին նշել են, որ լեզվաբանական համալսարանի ռեկտորի հարցում անձի խնդիր չեն տեսնում, այլ ցանկանում են տեղյակ լինել իրենց բուհին առնչվող բոլոր հարցերին:

Վերջիններիս խնդրանքով ՀՀ կրթության եւ գիտության նախարարը կհանդիպի համալսարանի ուսանողներին եւ կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին: