Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման նկատմամբ: Ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` հատուկ ընդգծելով, որ արտահայտում է  բացառապես սեփական կարծիքը:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելու դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության հնարավոր գործողությունների մասին հարցին, դեսպանը նշեց, թե չի կարծում, որ նման դեպքի համար հստակ պլանավորված գործողությունների ծրագիր կա: «Չեմ կարծում, որ դրանք էական միջացառումներ կլինեն: Ավելի շուտ ընդհանուր քարոզչությունն է:

Բայց որ դա առանձնահատուկ քննարկումների օբյեկտ կլինի` կասկած չկա»,-նշեց Վլադիմիր Կազիմիրովը`ավելացնելով, որ խոսքը մահմեդական երկրների մասին չէ, որոնց դիրքորոշումը, ըստ ամենայնի, այլ է լինելու: Նրա խոսքով` Եվրոպան, ԱՄՆ-ն եւ, իհարկե, Ռուսաստանը չեն կարող հանդուրժողաբար վերաբերվել նման սցենարին: Այդ կապակցությամբ նա նշեց Բաքվի այն հայտարարությունը, թե ռազմական գործողությունների դեպքում «Հայաստանին ձեռք չեն տա, միայն ետ կվերադարձնեն տարածքները»: «Դժվար է պատկերացնել, թե ռազմական գործողութունները կարող են մնալ այդպիսի «փորձանոթում»: Հայաստանը եւս, ըստ ամենայնի, կներգրավվի»,-նշեց Կազիմիրովը:

Ռուսաստանցի դիվանգետը հիշեցրեց, որ Ռուսաստանում բնակվում են խոշոր հայկական եւ ադրբեջանակն համայնքներ: Ներկայիս համեմատաբար խաղաղ պայմաններում նրանք անգամ համագործակցում են: Սակայն ինչպես իրենց կդրսեւորեն պատերազմի դեպքում, դժվար է ասել. «Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի արարքը, երբ մի քանի տարի առաջ ադրբեջանական համայնքի հետ հանդիպմանը նա բացեիբաց հայտարարել էր, որ պատերազմի դեպքում նրանք չեն կարող չեզոք մնալ Ռուսաստանում»,-նշեց Կազիմիրովը` ավելացնելով, որ նման խոսքերի համար դեսպանին պետք էր խելքի բերել:

Ինչպես նշեց Կազիմիրովը, Ղարաբաղում պատերազմի վերսկսումը յուրատեսակ փորձություն կլինի նաեւ ՀԱՊԿ-ի համար` հաշվի առնելով գոյություն ունեցող պարտավորությունները: «Բազմաթիվ պահեր կան, որոնք Ռուսաստանին զրկում են հանդուրժող կամ անտարբեր լինեն, անգամ իր շահերի ուժով»,-նշեց Կազիմիրովը: