Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ հայտնի չորս բանաձեւերի ոչ մի պահանջ, որ մի կոչ չի կատարվել: Ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Նախկին միջնորդը նշեց, որ ադրբեջանական կողմը պարբերաբար «կատարված» պահանջների թվում նշում է ռազմական գործողությունների դադարեցումը: «Սակայն  առաջին բանաձեւն ընդունվել է 1993թ ապրիլին, իսկ վերջինը` նոյեմբերին, այն դեպքում, երբ հրադադարը  վերջին բանաձեւից միայն կես տարի անց է հաստատվել: Իսկ նրանց ուղիղ ասվել էր ռազմական եւ թշնամական գործողությունների դադարեցման մասին, ինչպիսին, օրինակ, շրջափակումն է: Այդ պահանջը կատարված համարելը ծիծաղելի է»,-նշեց դեսպանը:

Նրա խոսքով` ՄԱԿ ԱԽ-ն իր բանաձեւերի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառով դժվար կացության մեջ էր հայտնվել, քանի որ չի կարող թույլ տալ այդպիսի կարեւոր փաստաթղթերի արժեզրկումը. «Արդյունքում Նյու Յորքը որոշեց բանաձեւեր չընդունել»:  Նրա խոսքով` ադրբեջանական կողմը բազմիցս է հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից: «Հայերի հետ խնդիր գրեթե չկար: Եթե եղել է պայմանավորվածություն` քիչ թե շատ կատարվել է: Իսկ ահա ադրբեջանցիների հետ խնդիրն այլ էր: Հեյդար Ալիեւի հետ ես նույն հարցի վերաբերյալ պայմանավորվել եմ… 8 անգամ: Դուք կարծում եք պայմանավորվածությունը կատարվե՞լ է: Ոչ մի նման բան»,-նշեց Կազիմիրովը: