Երեւանի Արագած փողոցի թիվ 1 տանը դեռեւս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել յուղի թորման ապարատի պայթյուն` հրդեհի բռնկումով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակագ իրավիճակների նախարարությունից։ Նրանց փոխանցմամբ՝ այս մասին ահազանգը ստացել են ժամը 20.21-ին, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.47-ին, մարվել` 21.06-ին: Այրվել է Ա. Սմբատյանին պատկանող տանը կից (բնակելի տարածքում) արհեստագործական շինություն` 90 քմ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շենգավիթ համայնքի Արագածի փողոցում պայթյուն է որոտացել, որի պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել։ Հարեւանները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ նախ պայթյունի ձայն են լսել, ապա տեսել են բարձրացող ծուխը։ Ըստ որում՝ կրակը բավական հզոր է եղել, ամբոջությամբ այրվել է մեկ հարկանի առանձնատունը։ Այդ տարածքում կան բազմաթիվ առանձնատեր եւ հրդեհը սպառնում է ոչ միայն դրանց, այլեւ հարեւան տներին։ Առայժմ զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն չկա։




























