Սիրիայի իշխանությունները ձախողեցին ՄԱԿ-ի  եւ Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագիրը, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Նա հայտարարել է, որ սիրիական իշխանությունը չի կատարել կրակն ամբողջովին դադարեցնելու խոստումը. նախագահ Բաշար Ասադը զորքերն ամբողջությամբ չի հանել քաղաքներից` դրանով իսկ տապալելով Անանի ծրագիրը, հաղորդում է BBC-ն:

Միաժամանակ Բան Կի Մունը կարծում է, որ իրավիճակի բարելավման հնարավորություն կա: Անհրաժեշտ է ՄԱԿ-ի դիտորդների Սիրիայում մնալու ժամկետը երկարացնել մինչեւ 3 ամսով եւ նրանց թիվը հասցնելով 300-ի: Հիշեցնենք, որ  ավելի վաղ Դամասկոսը համաձայնել էր ՄԱԿ-ի 250 դիտորդների ներկայությանը:

ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբն արդեն սկսել է առաքելությունն այդ երկրում: Սակայն ապրիլի 18-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել էր, որ Սիրիայում դիտորդներին բավարար ազատություններ չեն տրամադրվում: