ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ապշած է Ադրբեջանում թղթակից Իդրաք Աբասովի եւ մի քանի այլ լրագրողների դեմ հարձակումների կապակցությամբ:

Միյատովիչի հայտարարության մեջ ասվում է. «Այս ցնցող նորությունը վկայում է բռնության եւ անհանդուրժողականության այն մթնոլորտը, որում ստիպված են աշխատել Ադրբեջանի լրագրողները: Իշխանությունները պարտավոր են բացահայտել եւ լրջորեն պատժել լրագրողի վրա հարձակվողներին: Ադրբեջանի իշխանությունները պետք է, վերջապես, իրական քայլեր անեն, որպեսզի վերջ տան երկրում լրագրողների հանդեպ ցանկացած տեսակի բռնության»:

Իդրաք Աբասովի վրա հարձակումը դատապարտել է նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը: «Մենք ցնցված ենք այդ դաժան հարձակումով: Այդ ողբերգությունը կարող էր եւ չլինել, եթե իշխանությունները զբաղվեին այդ լրագրողի եւ նրա ընտանիքի դեմ անընդհատ հետապնդումների փաստերով, որոնք տեղի են ունենում արդեն մի քանի ամիս»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է բացահայտեն եւ պատժեն այդ հարձակման մեղավորներին: Տեղի ունեցածը ցույց է տալիս իշխանությունների պատասխանատվությունը Բաքվում եւ նրա արվարձաններում սեփականության իրավունքի խնդիրների լուծման հարցում»,-նշում են հայտարարության հեղինակները:

Իդրաք Աբասովի վրա հարձակումը տեղի է ունեցել Իլհամ Ալիեւի ելույթի հաջորդ օրը, որտեղ նա դատապարտել է միջազգային կազմակերպությունների քննադատությունն Ադրբեջանի նկատմամբ: «Մենք ունենք ժողովրդավարություն, խոսքի ազատություն, խղճի ազատություն եւ հավաքների ազատություն»,-ասել էր Ալիեւը:

«Եվրատեսիլ-2012»-ի անցկացումը Բաքվում պետք է բոլորի ուշադրությունը սեւեռի այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանների եւ անկախ լրագրողների ծանր պայմանների վրա»,-ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանում դաժանորեն ծեծի է ենթարկվել «Զերկալո» թերթի եւ թղթակիցների անվտանգության եւ ազատության Ինստիտուտի լրագրող Ադրաք Աբասովը: Դեպքը տեղի է ունեցել Սուլութափա ավանում` թղթակցի տան մոտ, այն պահին, երբ ԳՆԿԱՌ-ի աշխատակիցները հերթական  «գործողությունն» էին իրականացնում տան անօրինական կառուցման քանդման  առնչությամբ:

Լրագրողն իրականացնում էր քանդման տեսանկարահանումը եւ ԳՆԿԱՌ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ տեղի բնակիչների հակամարտությունները:

Նշենք, որ բառացիորեն մի քանի շաբաթ առաջ Իդրաք Աբասովն արժանացել էր պատվաբեր միջազգային Գրաքննության ինդեքս մրցանակի: Մրցանակը նրան էր տրվել հենց Սուլութափան ավանի բնակիչների սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ իրադարձությունների ինքնազոհ նկարագրման համար, որտեղ իշխանությունները մտադիր են մի քանի հարյուր տուն քանդել` որպես անօրինական կառուցված: Վերջին տարիների ընթացքում Իդրաք Աբասովը եւ նրա ընտանիքի անդամները մի քանի անգամ հարձակման են ենթարկվել ԳՆԿԱՌ-ի աշխատակիցների կողմից, իսկ մի անգամ էլ նրանք քանդել են Աբասովների տան մի մասը: