Սուդանի նախագահ Օմար Բաշիրը Հարավային Սուդանին պատերազմ է հայտարարել` խոստանալով Ջուբայում իշխանություններին սատկացնել միջատների նման:

Ինչպես հաղորդում է  «Սինհուան», հայտարարությունն արվել է երկու երկրների միջեւ սահմանին ռազմական լարվածության խորացման պայմաններում:

 Իր կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում  Սուդանի նախագահը հայտարարել է.  «Այսօրվանից մեր կարգախոսն է Սուդանի քաղաքացիների ազատագրումը «Սուդանի ժողովրդական ազատագրական շարժման» տիրապետությունից,  այսօրվանից մեր կարգախոսն է ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»:

Բաշիրը հայտարարել է, որ իրենք բարոյական սխալ են թույլ տվել` «Սուդանի ժողովրդական ազատագրական շարժմանը» թույլ տալով իշխել հարավում, բայց այդ սխալը կուղղվի:

Ինչպես հաղորդում է  «Ազատություն» ռադիոն, Սուդանի նախագահը նաեւ սպառնացել է Ջուբայի կառավարիչներին սատկացնել միջատների նման:

Հարավային Սուդանը անկախություն է ձեռք բերել նախորդ տարվա հուլիսի հանրաքվեի արդյունքում` Խարթումի իշխանությունների հետ բազմամյա զինված հակամարտությունից հետո: