Ռուսական պրիմադոննա Ալլա Պուգաչեւան Քսենիա Սոբչակի հաղորդման ընթացքում բացատրել է ամիսներ առաջ իր ասած «Վլադիսլավ Յուրեւիչը (Սուրկով) գժվել է» խոսքերի իմաստը:
Խոսքը «Պրավոյե դելո»-ի գործի մասին է, երբ կուսակցությունից փաստացի վռնդել էին գործարար Պրոխորովին, որի համակիրներից էր Պուգաչեւան:
Այդ հարցում մեծ է եղել նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վլադիսլավ Սուրկովի ավանդը:
Ալլա Բորիսովնան բացատրել է, որ խիստ վիրավորվել էր, չնայած դրանից մի քանի րոպե առաջ ասել էր, որ վերջին տարիներին իրեն չափազանց բարդ է վիրավորելը կամ զայրացնելը:
Պրիմադոննայի խոսքով` «Պրավոյե դելո» կուսակցության հետ հակամարտության ընթացքում անընդհատ զանգահարել են իրեն եւ թելադրել ինչը անել, ինչը` ոչ: Դա խիստ վրդովեցրել է երգչուհուն, գրում է NEWSru.com-ը:
Ալլա Պուգաչեւան խոստովանել է, որ իր մոտ այն ժամանակահատվածում գալիս էին, զանգում, համարյա թե սպառնալիքներ փոխանցում «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Անդրեյ Վորոբյովից: Մասնավորապես, իրեն սպառնում էին, որ թույլ չեն տա կառուցել սեփական թատրոն:
«Ինչի՞ համար էր ինձ նեղացնելը, ես ոչ մի վատ բան չեմ արել», - ուղիղ եթերում ասել է Ալլա Պուգաչեւան: Մինչ այդ Սոբչակի հաղորդման եթերում նա հայտնել էր, որ քաղաքականությունն իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ գործարար Պրոխորովին աջակցել է ընկերաբար, քանի որ նա իրեն հայտնի այն քիչ մարդկանցից մեկն է, որն արժանի է պետությունը ղեկավարելու:











