Ռուսական լրատվամիջոցները մանրամասներ են հաղորդում Դմիտրովի դաժան դեպքի մասին, երբ հոգեկան հիվանդ աղջիկը դանակով հարձակվել էր երկու տարեկան երեխայի վրա:
Ինչպես պարզվել է, Աննա Դուրապովան` ուղղիչ դպրոցի ութերորդ դասարանի 17-ամյա աշակերտուհին, դանակահարությունը կատարել է եկեղեցու ժամերգության ժամանակ: Մինչ այդ նա գանգատվել է, որ երեխաներն իրեն խանգարում են բարձրյալի հետ հաղորդակցվելիս, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:
Երիտասարդ մայրը երկու տարեկան որդու` Օլեգ Գրադոբոյի հետ խոնարհվել է սրբապատկերի առջեւ, հանկարծ երեխան սկսել է բարձրաձայն լաց լինել: Կինը փորձել է հանգստացնել` սկզբում անգամ չնկատելով, որ որդու բաճկոնն արյունոտ է:
Բժիշկների ժամանման պահին տուժածի գիտակցությունը տեղն է եղել: Փոքրիկ Օլեգը դանակի կտրվածք էր ստացել կրծքավանդակի ձախ հատվածում, նրան ուղարկել են Դմիտրովի քաղաքային հիվանդանոց, գրում է Life News-ը: Գլխավոր բժիշկը հայտնել է, որր Օլեգի կրծքավանդակին կարեր են դրել, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հարձակումից կես ժամ հետո ոստիկանները եկեղեցում բռնել էին հանցագործին: Պարզվել է, որ նա տառապում է շիզոֆրենիայով:
Այժմ հանցագործին եւ նրա մորը կանչել են դատախազություն հարցաքննության: Աննան ասել է, որ այդ արարքի պատճառն իբրեւ թե Օլեգ Գրադոբոյի մոր անպարկեշտ պահվածքն է եղել, երեխան էլ իր լացով զզվեցրել է: Արդյունքում աղջիկը հարվածել է ատելի կնոջը, սակայն վրիպել է. դանակը կպել է Օլեգին, ով մոր գրկում է եղել:




























