Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազության կողմից հետաքննվող փետրվարի 28-ի «Պոստմոդեռն» հեղաշրջման գործի շրջանակներում Թուրքիայի 7 նահանգներում թվով 12 հասցեներում ապրիլի 19-ի առավոտյան խուզարկություններ են սկսվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանների ձեռքում է 12 զինվորականների ձերբակալման մասին որոշումներ։ Այդ զինվորականների թվում է նաեւ 1997-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր քարտուղար, պաշտոնաթող գեներալ Էրոլ Օզքասնաքը։

Նշենք, որ նախորդ շաբաթ 1997-ի փետրվարի 28-ի իրադարձությունների գործով ձերբակալվել էր 31 զինվորական, որոնցից 18-ի նկատմամբ կայացվել էր կալանման որոշում։ Կալանվածների մեջ է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի այն ժամանակվա տեղակալ, պաշտոնաթող գեներալ Չեւիք Բիրը։

Հիշեցնենք, որ 1997-ի փետրվարի 28-ի հեղաշրջման հետեւանքով իշխանությունից հեռացվեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությունը, որի ղեկավար կազմի նկատմամբ դատական գործեր էին բացվել։ Այդ ժամանակ ձերբակալվել եւ դատապարտվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։