Ադրբեջանում «Եվրատեսիլ» մրցույթի նախաշեմին կրոնի եւ համոզմունքի ազատության, ինչպես նաեւ կարծիքի ազատ արտահայտման եւ հավաքների ազատության հետ կապված իրավունքները  շարունակում են սահմանափակված մնալ: Այդ մասին  նշվում է «Forum 18» իրավապաշտպան նախաձեռնության կայքում:

«Forum 18»-ի անցկացրած դավանանքի ազատության վերաբերյալ հետազոտությունը բացահայտել է, մասնավորապես, հետեւյալ խնդիրները. պետությունը փորձում է դիմակայել խախտումների վերաբերյալ քննարկումներին` միջդավանական համաձայնության եւ կրոնական հանդուրժողականության պատրվակով, անարդար դատական գործեր են տեղի ունենում` առանց պատշաճ իրավական ընթացակարգերի, անշեղորեն աճում են «լեգալ» սահմանափակումները եւ պատիժը կրոնի կամ համոզմունքների ազատ արտահայտման նկատմամբ` ստեղծելով պետական վերահսկողության լաբիրինթոս, «լեգալ» կերպով մերժվում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերը, որոնք Ադրբեջանը համաձայնել է իրականացնել, գործում է գրաքննության սահմանափակող ռեժիմ, բանտարկվում են գաղափարական նկատառումներից ելնելով զինծառությունից հրաժարվողները, կամայական կերպով արտաքսվում են օտարերկրյա քաղաքացիները, ովքեր իրացնում են կրոնի եւ համոզմունքների ազատության իրենց իրավունքները, մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են Նախիջեւանի անկլավում:

Ադրբեջանը, ըստ էության, մնում է  որպես մի վայր, որտեղ մարդու հիմնարար իրավունքներն անպատիժ կերպով  խախտվում են, իսկ պետությունը փորձում է  իր հայեցողությամբ թույլատրել մարդու իրավունքների իրականացումը: