ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, ով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում արդեն այցելել է մոտավորպես 700 տուն եւ իր համար շատ հաճելի է եղել հանդիպել խոհանոցային ընդդիմությանը եւ ամբողջովին ուրիշ մթնոլորտ, ուրիշ տպավորություն է եղել: Այս մասին, այսօր` ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա առաջարկեց իրեն չմեղադրել մեծ թվեր ասելու մեջ, բայց նշեց, որ ժողովրդի 70-80 տոկոսը ՀԱԿ-ի եւ իշխանափոխության կողմնակից են, ինչը սակայն, ըստ նրա, չի նշանակում, որ այդ 70-80 տոկոսը մասնակցելու է քվեարկությանը, քանի որ բնակչության 40 տոկոսը վախեցած է:
Արամ Մանուկյանի խոսքով, տուն առ տուն շրջելու ընթացքում հանդիպել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», կոմունիստների կողմնակիցների, թեեւ մեծամասնությունը չեզոք տրամադրվածներն են: Փոխարենը չի հանդիպել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմնակիցների, թեեւ մի երկու տեղ զգացել է, որ պաշտոնյաներ են:
ՀՀՇ վարչության նախագահին ուրախացրել է հասարակության ակտիվությունը: Նա նշեց, որ այդ հանդիպումների ընթացքում երկու բան է պարզել. ավելացել է իրենց համակիրների թիվը, բայց ավելացել է նաեւ վախեցածների թիվը եւ ներկա պահին իրենց խնդիրն է պասիվ մասին ակտիվացնել, որն, ըստ Ա. Մանուկյանի, մոտավորպես 40 տոկոս է կազմում:
Ինչ վերաբերում է խախտումներին, ընդդիմադիր գործիչն ասաց, որ հայտնաբերել է Ջավախքից գրանցվածներ, նոր գրանցումներ, որոնք դեռ պետք է ստուգեն, ցուցակներում բացահայտել է նաեւ 10-15 տարվա մահացած մարդկանց անուններ: Նա հույս հայտնեց, որ ոստիկանությունը կմաքրի ընտրացուցակները:
Արամ Մանուկյանը կանխատեսեց, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» կանցնեն խորհրդարան, իսկ ՕԵԿ-ին Սերժ Սարգսյանը «կքցի»: Ինչ վերաբերում է ընդհանրապես ընտրական գործընթացին, ՀՀՇ ղեկավարը կարծիք հայտնեց, որ եթե Սերժ Սարգսյանը գնա «քյալլագյոզության» եւ բռնի մեթոդներ կիրառի ընտրություններից առաջ եւ այդ օրը, ոչ մի կուսակցություն չի շահի եւ վնասվելու է Հայաստանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























