Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ղեկավար Գրիգոր Ամալյանն ընդհանուր առմամբ բավարարված է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով տարվող նախընտրական քարոզարշավի ընթացքից եւ կուսակցություններին տրամադրվող եթերաժամանակի պայմաններից: Իր կարծիքն Ամալյանը հայտնել է այսօր` ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` կուսակցությունների օգտագործած եթերաժամանակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքական ուժերը խիստ անհամաչափ են օգտվել տրամադրված հնարավորությունից: Նույնը նաեւ հարցազրույց-հաղորդումների պարագայում: Վերջին կետի (հարցազրույց) բացարձակ «առաջատարը»` զրոյական ցուցանիշով, «Միավորված հայերն» են: Այն եթերաժամանակի օգտագործման ամենացածր ցուցանիշն ունի` 166 րոպե 32 վայրկյան: Եթերաժամանակն ամենաշատն օգտագործել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը`1646 րոպե:
Առկա անհամաչափության կապակցությամբ ՀՌԱՀ-ը նամակ է ուղարկել հեռուստաալիքներին: Պարզվել է, որ, օրինակ, «Միավորված հայերն» իրենք չեն ցանկանում մասնակցել հարցազրույց-հաղորդումներին: Գրիգոր Ամալյանի խոսքով` դիտարկումը ցույց է տվել, որ Հանրային հեռուստատեսությամբ ամենաշատ ժամանակը հատկացվել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Կենտրոն» հեռուստաալիքը կենտրոնացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի լուսաբանման վրա, «Երկիր մեդիան»` ՀՅԴ-ի, Հ2-ը եւս նախապատվությունը տալիս է «Բարգավաճ Հայաստանին»:
Այդ կապակցությամբ ՀՌԱՀ-ը գրավոր խորհուրդ է տվել հեռուստաալիքներին (Գրիգոր Ամալյանը հատուկ նշել է, որ դա նախազգուշացում կամ վարչական պատժամիջոց չէ) շտկել դրությունը եւ ապահովել բոլոր կուսակցությունների նախընտրական քարոզարշավների հավասարաչափ լուսաբանումը:
Եթերային հատկացված ժամանակի սպառման կարգով, ըստ Գրիգոր Ամալյանի, պատկերը հետեւյալն է. առաջին տեղում է «Բարգավաճ Հայաստանը», այնուհետեւ` ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Ժառանգություն» , Հայաստանի հանրապետական կուսակցությունները, Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը:
«Կատարված դիտարկումը ցույց է տվել, որ լրատվամիջոցներին հաջողվել է պայմաններ ապահովել նախընտրական քարոզարշավի անցկացման համար, եւ եթերային ժամանակի լուրջ պակասուրդ չի եղել», - նշել է Ամալյանը, ավելացնելով, որ ասվածի ապացույցն է այն հանգամանքը, որ ոչ բոլոր կուսակցություններն են օգտագործել տրամադրված անվճար եթերային ժամանակը: Ինչ վերաբերում է հարցազրույցներին, Ամալյանը նկատել է, որ դրանց անցկացման համար ժամանակ է հարկավոր, եւ հնարավոր է` բացթողումը կլրացվի մինչ քարոզարշավի ավարտն ընկած ժամանակահատվածը: Այնուամենայնիվ, ՀՌԱՀ-ը խորհուրդ է տալիս շտկել իրավիճակը:
Ըստ նրա` դեռեւս եթերային ժամանակի տրամադրման հետ կապված տուգանքի ենթարկվածներ չկան, սակայն երկու մարզային հեռուստաընկերություններ վարչական տուգանքի են ենթարկվել կուսակցություններին տրամադրվող եթերային ժամանակի հետ կապված խախտման համար (հրազդանյան «Սիրաք» եւ սպիտակյան «Աննա եւ Կարեն» հեռուստաընկերությունները): Այնուամենայնիվ, Գրիգոր Ամալյանը հիշեցրել է, որ լուրջ խախտումների դեպքում հնարավոր են պատժամիջոցներ տուգանքից (մինչեւ 1 միլիոն դրամ) մինչեւ հեռուստաընկերությանը հեռարձակման իրավունքից զրկելը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 6-ին: Դրան կմասնակցեն քաղաքական 9 ուժեր:




























