Օսլոյում նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի դատի ժամանակ, այսօր` ապրիլի 19-ին, խաչաձեւ հարցաքննության ընթացքում նա հայտնել է, որ ողջ 2006 թվականն անցկացրել է համակարգչային World of Warcraft օնլայն խաղը խաղալով:
Նա դրանով զբաղվել է մոր տանը, երբ 2006 թվականին փակվել է նրա ընկերությունը: Բերյվիկը պարզաբանել է, որ անհրաժեշտ էր գումար տնտեսել ահաբեկչության համար, իսկ մոր մոտ ապրելը էժան էր նստում:
Այդ ժամանակ նա արդեն ուներ մոտ մեկ մլն կրոն (167,4 հազար դոլար): Դատախազի հարցին, թե հենց այդ թվականի՞ն է որոշել ահաբեկչություն կազմակերպել, ամբաստանյալը դրական պատասխան է տվել:
World of Warcraft օնլայն խաղն այս պահին ունի 12 մլն բաժանորդներ ողջ աշխարհում: Նախորդ տարվա հուլիսի 22-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից հետո Նորվեգիայում վաճառքից հանվել են World of Warcraft и Call of Duty - Modern Warfare տեսախաղերը` զոհերի հարազատների հանդեպ հարգանքից ելնելով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Բրեյվիկի դեմ դատաքննությունն ընթանում է արդեն 4-րդ օրը: Առաջին 3 օրերին ամբաստանյալը այս կամ այն կերպ հրաժարվել է պատասխանել մեղադրողների 145 հարցի:
Այսպես, 82 անգամ Բրեյվիկը հայտարարել է, որ չի ցանկանում մեկնաբանել դատախազի ակնարկը, 52 անգամ պնդել է, որ ամեն ինչ պատմել է եւ մտադիր չէ շարունակել հարցազրույցը:
Բացի այդ, 11 անգամ նա հայտարարել է, որ չի ցանկանում այնպիսի տեղեկություններ հաղորդել, որը շատ մարդկանց ձերբակալման առիթ կարող է տալ:




























