Orange Արմենիան Հայաստանում տնտեսական եւ սոցիակալան կարեւոր դերակատարում է ստանձնել: Նման հայտարարություն արեց այսօր` ապրիլի 19-ին, Ֆրանս Տելեկոմ Orange խմբի հաղորդակցության եւ բարեգործության գծով գործադիր փոխնախագահ Քրիստին Ալբանելը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ տիկին Ալբանելը նաեւ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախկին նախարարն է, Փարիզի նախկին փոխքաղաքապետը:
«Երեւանում մի փոքր քայլեցի եւ զարմացած էի, որքան Orange-ը ներկայացված է եւ որքան սազում է Երեւանին»,- ասաց Ք. Ալբանելը: Նա նույնիսկ հանրապետության հրապարակը նմանեցրեց Վերսալին` իր դիզայնով, շատրվաններով:
Ք. Ալբանելը Հայաստանում է գտնվում Orange հիմնադրամի ստեղծման միամյակի կապակցությամբ: Նրա խոսքով` բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում Orange-ի մուտք գործելուց 1.5 տարի հետո, այլ երկրներում սովորաբար դա ավելի ուշ է լինում: Հիմնադրամը Հայաստանում ծրագրեր է իրականացնում աուտիզմով հիվանդ երեխաներին օգնելու, կրթաթոշակներ է նշանակում ուսանողներին, օգնում է թվային աշխարհի հասանելիությունը բարձրացնելու: Հետագա ծրագրերի մեջ են մտնում գյուղական համայնքներին օգնությունները:
Orange-ը ներկայացված է աշխարհի 35 երկրներում, սակայն բարեգործական հիմնադրամներ ունի դրանցից կեսում: Ընկերության ընդհանուր բարեգործական բյուջեն մոտ 20 մլն եվրո է:




























