Ֆրանսիական իշխանություններն առայժմ մտադիր չեն զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:
Նա համոզմունք է հայտնել, որ եթե Սիրիայում մի քանի հարյուր դիտորդներ լինեն, որոնք երկրում ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենան, ապա իրավիճակը կփոխվի: Եթե առաքելությունը տապալվի, ապա Ֆրանսիայի իշխանությունները կքննարկեն հետագա գործողությունները: Ֆրանսիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Ֆրանսիան կանի հնարավորը` Սիրիայում ռազմական գործողություններ թույլ չտալու համար, գրում է «Ռոսբալտը»:
Ժյուպեն նաեւ հայտնել է, որ Ֆրանսիան առայժմ պատրաստ չէ Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուն եւ որպես երկրի պաշտոնական ներկայացուցիչ Սիրիական ազգային խորհրդին ընդունելուն: Նա նշել է, որ ՍԱԽ-ը այն զրուցակիցը չէ, որի հետ կարելի է քննարկել երկրում ժողովրդավարության առաջընթացը:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը չի մասնակցելու Սիրիայի հարցով Փարիզում արտգործնախարարների հանդիպմանը:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը դրանով մեկուսանում է արաբական աշխարհից եւ միջազգային հանրությունից: Նա հիշեցրել է, որ անձամբ է հրավիրել իր ռուս գործընկերոջը:




























