Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին, ապրիլի 18-ին, ընդունել է Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ դեսպանը շեյխ Ջաբեր ալ-Մուբարաքին է փոխանցել Հայաստանի վարչապետի եւ կառավարության ջերմ ողջյուններն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-քուվեյթյան համագործակցության ներկա ընթացքին եւ երկու բարեկամ պետությունների միջեւ հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման հեռանկարներին:
Վարչապետ Ջաբեր ալ-Մուբարաքն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակից եւ նշել, որ Քուվեյթը մտադիր է էլ ավելի խթանել փոխշահավետ գործակցությունը մշակույթի, կրթության եւ գիտության, առեւտրատնտեսական, այդ թվում` ներդրումների խրախուսման եւ ենթակառուցվածքների ոլորտներում: Վարչապետը կարեւորել է նաեւ հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը` որպես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարեւորագույն բաղադրիչ:
Կողմերն արձանագրել են նաեւ Հայաստանում Քուվեյթի դեսպանության գործունեության արդյունավետությունը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու իրականացմանը:




























