Հրապարակվել են այն ֆիլմերի անվանումները, որոնք 2012-ին պետք է մասնակցեն Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին:

Ինչպես հայտնել են Փարիզում կայացած մամուլի ասուլիսում կինոփառատոնի տնօրեն Տյերի Ֆրեմոն եւ նախագահ Դիլ Ժակոբը, ընդհանուր առմամբ փառատոնի մրցանակներ հավակնորդ ֆիլմերի թիվը 22 է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը մրցույթում կներկայացնի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը:

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», «Հատուկ հայացք» մրցութային ծրագրին կմասնակցի 17 ֆիլմ: Մրցույթից դուրս կներկայացվեն Բերնարդո Բերտոլուչչիի, Ֆաթիհա Ակինայի, Ապիչատպոնգ Վիրասետակունայի եւ այլ հայտնի ռեժիսորների ֆիլմերը:

Կաննի 65-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 16-27-ին: Կինոփառատոնը կբացվի Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմով:

Միջոցառումը կփակվի երկու շաբաթ առաջ մահացած ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Միլլերի «Թերեզա Դեսքեյր» ֆիլմով: