Մինչ նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը դատարանում ցուցմունքներ էր տալիս, դահլիճ է փորձել ներխուժել շուրջ 10 մարդ առանց հատուկ վկայականների: Նրանց շարքում է եղել ահաբեկչի սիրուհին եւ Նորվեգիայում հայտնի նեոնացիստը:

Դատավարության առաջին օրը` ապրիլի 16-ին, դատարանի դահլիճ է փորձել ներխուժել Շտուտգարդի մի բնակչուհի, ով պնդել է, որ Բրեյվիկի սիրուհին է: Կինը հայտարարել է, որ հատուկ Օսլո է ժամանել, որպեսզի տեսնի իր սիրեցյալին, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել հայտնվել դատարանի դահլիճում: Նրան ձերբակալել են եւ արտաքսել երկրից, հաղորդում է NEWS.BCM.RU-ն:

Պարզվել է, որ իր հայրենիքում նա մի քանի անգամ խախտել է օրենքը եւ գտնվում է օրինապահների հսկողության ներքո:

Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, ապրիլի 19-ին, Նորվեգիայի ոստիկանությունը ձերբակալել է նորվեգացի մի նեոնացիստի, ով եւս փորձել է ներխուժել դատարանի դահլիճ: Նրան ոստիկանությունում լավ ճանաչում են, քանի որ մի քանի տարի առաջ Օսլոյում մայիսի 1-ի երթի ժամանակ նռնակ էր նետել ամբոխի մեջ: