Երեւանի Վ. Բրյուսովի անվամ պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար մոտ ժամանակներս մրցույթ կհայտարարվի: Այս մասին, այսօր` ապրիլի 19-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երկու ճանապարհ ունի իր նախկին պաշտոնին վերադառնալու համար. կամ դատարանի միջոցով, կամ ռեկտորի ընտրություններին մասնակցելու միջոցով:
Ինչպես երեկ, այսօր եւս Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ի պաշտպանություն Սուրեն Զոլյանի, երթ են անցկացրել դեպի ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Հիշեցնենք, որ հակամարտությունը Աշոտյանի եւ Զոլյանի միջեւ ծագել է այն բանից հետո, երբ ռեկտորը մեկնել էր Հայաստանից` մասնակցելու տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի լիագումար նիստին: ԿԳ նախարարն այդ այցելությունն աննպատակահարմար է համարել եւ արգելել նրանք բացակայել Հայաստանից մարտի 19-23-ին:
Ներկայումս ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը:
Զոլյանին ռեկտորի պաշտոնից ազատելու որոշումը բողոքի բուռն ալիք է բարձրացրել հասարակության եւ ուսանողների շրջանում:
Ուսանողները հայտարարել են դասադուլ հայտարարելու իրենց մտադրության մասին:




























