Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 19-ին, այցելել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հիմնանորոգված և կահավորված թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա ծանոթացել է սոցիալապես անապահով և ծնողազուրկ ընտանիքների երեխաների համար մայրաքաղաքում գործող միակ մսուր-մանկապարտեզի նոր պայմաններին: Մանկապարտեզը 1965թ. կառույց է, որը մինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում հիմնանորոգումը, գործել է խիստ անբարենպաստ պայմաններում: Գիշերօթիկ մանկապարտեզում այսօր ապրում է 140 երեխա` 2-6 տարեկան, որոնցից 70-ը գիշերակացով:





























