Բժշկական ապահովագրությունը պետք է անվճար լինի պակաս ապահովված քաղաքացիների համար: Այդ մասին բուժծառայության ոլորտի աշխատակիցների հետ հանդիպմանն ասացին ՀՅԴ նեկայացուցիչները: Համաձայն կուսակցության նախընտրական ծրագրի` բժշկական ապահովագրության չափը պետք է աճի ըստ անձնական եկամուտի: Բացի այդ, սոցիալական փաթեթի բժշկական ահովագրությունը պետք է տարածել նաեւ բուհական համակարգի եւ առողջապահության ոլորտի (պոլիկլինիկաների) վրա:
Ինչպես նշեց ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը, ներկայումս կուսակցությանը մտահոգում է բուժծառայությունների նկատմամբ հայրենիքում պահանջարկի նվազումը: «Հնարավորության դեպքում ավելի շատ քաղաքացիներ են նախընտրում հետազոտվել եւ բուժում ստանալ արտերկրում: Ձեր օգնությամբ մենք ցանկանում ենք քաղաքացիներին տեղեկացնել մեր բուժծառայության իրական որակի մասին»,-հայտարարեց Լոքյանը:
Նրա խոսքով` ոլորտի համար կարող է եկամուտ ապահովող միջոց լինել կորպորատիվ ապահովագրությունը, որը դեռեւս տարածված չէ Հայաստանում: Առողջապահությանը հատկացվող բուջետային միջոցներն էլ, տնտեսությունը «ստվերից» դուրս հանելու եւ հարկերի հավաքագրման մակարդակի բարձրացման շնորհիվ, կարելի է ավելացնել եռակի` ներկայիս 65 մլրդ դրամի համեմատ:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ծրագրվում է 4 անգամ ավելացնել բուժաշխատողի միջին աշխատավարձը` հասցնելով մինչեւ 500 հազ. դրամի:




























