Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցում ապրիլի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում 18-ամյա երկու աշակերտների` Թորգոմ Քոլոզյանի եւ Նարեկ Դարբինյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել աղջկա պատճառով: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Վարդանյանը:
Նրա խոսքով, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում: «Ուղղակի դրսում երեխաները հավաքվել են ընկերուհու համար վիճաբանություն է տեղի ունեցել: Այդ հարցով զբաղվում են քննչական մարմինները»,- նշեց Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ Գավառի բժշկական կենտրոն տեղափոխված Թորգոմ Քոլոզյանի առողջական վիճակը, ով հիվանդանոց է տեղափոխվել գլխի վնասվածքով եւ ազդրի հատվածում ծակած-կտրած վերքերով, արդեն նորմալ է:
«Այսօր հենց վիրավորի քեռուն տեսել եմ, հարցրեցի Թորգոմը ոնց է, ասաց նորմալ է, բայց քանի որ վերքը մի քիչ խորն է, վաղը դուրս կգրենք»,-ասաց նա:
Ի դեպ, աղջիկը, ում պատճառով, որ վիճաբանություն է տեղի ունեցել, նույն դպրոցից աշակերտուհի է: Էդգար Վարդանյանից տեղեկացանք նաեւ, որ աշակերտների ծնողների միջեւ լարվածություն չի առաջացել եւ ներկա դրությամբ ամեն ինչ նորմալ է:




























