Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի Ալիկա Սմեխովան 2007 թվականին, իր վերջին այցելության ժամանակ Երեւան հղի է եղել, բայց դա գաղտնի է պահել: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին, նա ասել է Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ: Նա Երեւան է ժամանել հոր` ՌԴ ժողովրդական արտիստ Վենյամին Սմեխովի հետ, ով Հայաստանի քաղաքներում ներկայացնում է իր «Տանգոյի 12 ամիսները» ներկայացումը:

Ալիկա Սմեխովան լրագրողներին հիշեցրել է, որ 2007-ի մայիսի 9-ին համերգ է վարել Երեւանի Հանրապետության հրապարակում: «Դու ոչ միայն համերգը լավ վարեցիր, այլեւ քեզ լավ պահեցիր եւ ընտանիքին երկու հրաշալի որդի պարգեւեցիր»,-կատակով նշեց Վենյամին Սմեխովը:

Անդրադառնալով «Տանգոյի 12 ամիսները» ներկայացմանը, Սմեխովան նշեց, որ սա առաջին համատեղ ներկայացումը չէ հոր հետ:

Սմեխովան իր շնորհակալությունն է հայտնել հայ հանդիսատեսին, հատկապես Գյումրիում եւ Վանաձորում: «Ինձ համար հանդիսատեսը միասնական է, առանց ազգային պատկանելիության»,-ասաց Ալիկա Սմեխովան, հավելելով, որ ամենակարեւորն այն է, որ կա ձգտում դեպի հրաշալին եւ որ մարդիկ իրենց ծանր վիճակում գումար ու ժամանակ են գտնում թատրոնի համար: