«Սիրիայի ընկերների խմբի» երկրների ԱԳՆ-ների ղեկավարները երկրի իշխանություններից պահանջել են կատարել ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կարգավորման նախագծի պայմանները: Փարիզի հանդիպմանը նրանք պայմանավորվել են խստացնել ճնշումը Դամասկոսի վրա` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությամբ:
Հանդիպման մասնակիցներն ստիպված են եղել փաստել, որ Դամասկոսը չի կատարում իր պարտականություները, հայտարարել է արտգործնախարար Ալեն Ժյուպեն: Միաժամանակ նա նշել է, որ ընդդիմությունը կատարում է Անանի նախագծի իր պարտականությունները: Նա ընդգծել է, որ տվյալ դեպքում տապալումը «կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, հնարավոր է նույնիսկ` ամբողջ տարածաշրջանի մասշտաբով», հայտնում է «Ռոսբալտը»:
Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ էր արել ընդունել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նոր բանաձեւ: Ըստ նրա` փաստաթուղթը պետք է խստացնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները եւ բեռնարգելք կիրառի այդ երկիր մատակարարվող զենքի վրա` Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման նախագծի տապալման դեպքում:




























