Ֆրանսիայում այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է: Կիրակի` ապրիլի 22-ին, երկրում կկայանա երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլը:
Այսօր թեկնածուներն ունեն վերջին հնարավորությունն ընտրողներին իրենց կողմը գրավելու համար: Թեպետ զանգվածային միջոցառումներ չեն նախատեսվում: Ապրիլի 15-ին նախագահի պաշտոնի երկու գլխավոր թեկնածուներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը Փարիզում անցկացրել էին 100 հազարանոց նախընտրական հանրահավաքներ: Իրենց համախոհներին դիմելով` երկուսն էլ օգնություն են խնդրել: Ակնհայտ է, որ այդ օգնության կարիքն ամենից ավելի Սարկոզին ունի, գրում է «Էխո Ռոսսիի»-ն:
Ըստ հարցումների` երկրորդ ժամկետում նա չի ընտրվի: Եթե առաջին փուլում, ինչպես ցույց են տալիս հարցումները, նա եւ Օլանդը կհավաքեն համարյա նույն քանակությամբ ձայներ` շուրջ 27%-ական, ապա երկրորդ փուլում նախագահը սոցիալիստների թեկնածուին կպարտվի առնվազն 10%-ով: Ի դեպ, նախօրեին ռադիոյով ելույթ ունենալով, Սարկոզին Ֆրանսուա Օլանդին այս նախագահական ընտրություններում հաջողություն է մաղթել: «Իմ դրության մեջ ես նրան միայն հաջողություն կարող եմ մաղթել», - ասել է Սարկոզին: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 6-ին:




























