Ավստրալացի կին պաշտոնյան դատարանի միջոցով կարողացել է գործատուից փոխհատուցում կորզելու որոշման հասնել` ծառայողական գործուղման ընթացքում սեռական հարաբերությունների ժամանակ ստացած վնասվածքների համար: Նրան պետք է գումար վճարեն, որոնք նա ծախսել է բուժման վրա, եւ փակեն դատական ծախսերը:
Ինչպես հայտնում է «Ուրա-ինֆորմը», կինը դատարան էր դիմել դեռեւս 2007 թվականին: «Գործուղային» սեքսի ժամանակ հյուրանոցում պատից ընկել էր ջահը: Այն ընկել էր կնոջ գլխին եւ վնասել քիթը, բերանը եւ ատամները:
Ավստրալուհու զուգընկերը չի կարողանում ճշգրիտ ասել, թե ինչն է իսկապես դարձել ջահի ընկնելու պատճառը: «Ես ենթադրում եմ, որ նա պառկած է եղել մեջքի վրա, երբ դա տեղի է ունեցել, սակայն ես հաստատ չեմ հիշում, քանի որ մենք անկողնում շուռումուռ էինք գալիս», - տղամարդու խոսքերը փոխանցում է news.com.au կայքը:
Ավելի վաղ աշխատանքի հանձնաժողովը եւ բողոքարկիչ դատարանը մերժել էին ավստրալուհու հայցը: Նրանք պնդում էին, որ հայցվորուհին վնասվել էր գործուղման ընթացքում, սակայն ոչ` աշխատանքի: Իսկ ահա դաշնային դատարանը վճիռ է կայացրել նրա օգտին:
Դատավորն իր որոշումը փաստել է նրանով, որ սեքսով զբաղվելը համարվում է ժամանակ անցկացնելու սովորական երեւույթ: Ընդ որում, նա նշել է, որ կնոջը փոխհատուցում կորոշեր նաեւ այն դեպքում, եթե լամպն նրա վրա ընկներ, օրինակ, հյուրանոցում խաղաքարտերով ժամանակ անցկացնելիս:




























