Մոսկվայում, ապրիլի 19-ին, օրը ցերեկով փողոցում սպանված գործարարը կարեւոր դեմք էր Դեդ Հասանի կլանում: Այս մասին գրում է «Նովայա գազետան», սպանվածին կոչելով Իլգար Օղլի Ջաբրաիլով:
Հիշեցնենք, որ «Մեգա քոլոր» ընկերության ղեկավարի մեքենայի վրա կրակել էին Մոսկվայի կենտրոնում: Տղամարդը տեղում մահացել էր, իսկ նրան ուղեկցող երիտասարդ կինը ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ավելու ուշ իրավապահները հայտնել են, որ սպանվածը գործարար Իլգար Ալիեւն է: Լրատվամիջոցները ենթադրում են, որ դեպքի վայրում ոստիկանները գտել են այդ ազգանունով փաստաթուղթ, որն օգտագործել է Ջաբրաիլովը:
Ըստ «Նովայա գազետայի» տեղեկության` Ջաբրաիլովը քրեական աշխարհում հայտնի էր Դանաբաշ մականունով եւ Դեդ Հասանի կլանում եղել է խոշոր դեմք: Ջաբրաիլովին նույնիսկ այդ ազդեցիկ հանցախմբի ղեկավարի «քարտուղարության ղեկավար» էին անվանում: Վերջին տարիներին նա Ասլան Ուսոյանի ամենամտերիմ մարդկանցից է եղել (Դեդ Հասան) եւ պատասխանատու է եղել հանցավոր աշխարհի, պաշտոնյաների եւ իրավապահ մարմինների հետ նրա կապերի համար:
Որպես այդ կապերի ապացույց` թերթը հրապարակում է ռուս այլ խոշոր մաֆիոզի` Յապոնչիկ մականվամբ Վյաչեսլավ Իվանկովի թաղման լուսանկարը, որտեղ պատկերված են Իլգար Ջաբրաիլովը եւ նրա թիկնապահները:
Ռուսական լրատվամիջոցները եզրակացնում են, որ վերջին ժամանակներս ինչ-որը մեկը աստիճանաբար վերացնում է Դեդ Հասանի շրջապատի մարդկանց:
Այսպես, 2011 թվականի ամռանը Մոսկվայում հրաձգության էր ենթարկվել ՆԳՆ-ի փոխգնդապետ Թամազ Վազիրովիչ Բրոյին` Թամազիկ մականվամբ: Ենթադրվում է, որ այդ սպան ՆԳՆ-ի եւ Դեդ Հասանի միջեւ գլխավոր կապող օղակն է եղել: Դրանից երկու ամիս առաջ Մոսկվայում սպանվել էր Դեդ Հասանի 51-ամյա թիկնապահ Անդրեյ Սելվյանը` Սելվի մականվամբ: 2010 թվականի նոյեմբերին Սոչիի Կենտրոնական թաղամասում ինքնաձիգից հրաձգության էր ենթարկվել քրեական հեղինակություն Էդուրադ Կակոսյանը` Կարաս մականվամբ, որը նույնպես ընդգրկված է եղել Ասլան Ուսոյանի կլանում:
Վերջապես 2010-ի սեպտեմբերին Կրասնոդարում սպանվել է 50-ամյա գործարար Թիմուր Սադոյանը: Երբ գործարարը մոտեցել է տանն իր Jaguar մեքենայով, քիլերը նրա ուղղությամբ 7 գնդակ է արձակել:



























