Այն հանգամանքը, որ օլիգարխները վերադառնում են խորհրդարան, զզվելի է, բացի այդ նրանք արդեն վտանգ են ներկայացնում հենց իշխանությունների ու պետության համար: Այս մասին, այսօր` ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, եթե մենք տեսնենք, թե որքան քիչ հարկ են նրանք վճարում եւ տնտեսության որքան մեծ մասն են ղեկավարում, ապա պարզ կլինի, որ նրանք հենց պետության համար են սպառնալիք դարձել: «Անգլերենում դա ֆրանկենշտեյն հրեշն է, որն սկսում է ղեկավարել եւ ղեկավարող դիրք զբաղեցնել»,- համեմատեց քաղաքագետը:

Նա նկատեց, որ երբ քաղաքական գործիչը զենքով է գնում ընտրողների հետ հանդիպման, ինչ կարող ենք դրա մասին ասել: «Արդյոք նա այդքան վախեցա՞ծ է հայ ժողովրդից, թե՞ դա արտացոլումն է այն բանի, թե ինչպիսի քաղաքական գործիչ է նա: Բայց ամենակարեւորն այն է, որ օլիգարխներն արդեն վերածվում են պետության եւ իշխանության համար թիվ մեկ սպառնալիքի եւ այս խնդիրը լուծելու համար հարկավոր է քաղաքական կամք»,- ընդգծեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի