Վրաստանը դուրս է եկել «Միր» միջպետական հեռուստաընկերության վերաբերյալ համաձայնագրից: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլի 18-ին ստորագրել է համաձայնագրի գործողության դադարեցման հրամանագիրը:

«Նովոստի-Գրուզիան» հայտնում է, որ ըստ հրամանագրի` Վրաստանի արտգործնախարարությունը տեղեկացնելու է դեպոզիտարիումին համաձայանգրի գործողության դադարեցման մասին:

«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը ստեղծվել է 1992թ. ԱՊՀ երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրով: Ազգային մասնաճյուղեր կան Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում եւ Ռուսաստանում:

Վրաստանը ԱՊՀ կազմից դուրս էր եկել 2009թ. օգոստոսի 18-ին: