PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը քրդական NRT հեռուստաընկերության եթերում խոսել է քրդական հարցի կարգավորման թեմայի շուրջ։
Անդրադառնալով այս պահին այցով Թուրքիայում գտնվող Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանիին, Քարայըլանը նշել է, թե անհրաժեշտ է, որ Բարզանին չդառնա գործիք Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ձեռքին եւ ավելացրել. «Մենք չենք ցանկանում, որ պարոն Բարզանին մտնի այս խաղի մեջ եւ մասնակցի քուրդ ժողովրդի կամքը կոտրելու ճակատամարտին»։
PKK-ի առաջնորդը պնդել է, թե խնդրի կարգավորման համար 3 տարի բանակցում են Թուրքիայի հետ, սակայն թուրքական կողմը ոչ մի պարտավորվածություն չի կատարել։
Նշենք, որ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանիին Թուրքիայում հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Սպասվում է հանդիպում նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։
Հանդիպումների քննարկման հիմնական թեման եղել է Իրաքի ներքաղաքական իրադարձությունները, Սիրիայի իրադարձությունները եւ PKK-ի խնդիրը։




























