Սիրիական ընդդիմադիր Փոփոխության եւ ազատագրման Ազգային ճակատի ներկայացուցիչները կայցելեն Մոսկվա հաջորդ շաբաթ:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք եւ հաստատում ենք լուրջ զրույցի մեր պատրաստակամությունը ցանկացած ընդդիմադիր գործչի հետ, որը հանդել է գալիս Սիրիայում ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին», - Լուկաշեւիչի խոսքն է մեջբերում Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
Ըստ ռուսական կողմի գնահատման` այժմ այդ երկրում շատ պատասխանատու պահ է վրա հասել:
«Ընթացիկ պահի գլխավոր խնդիրը կրակի դադարեցումն է: Այդ որոշումն ուղղակիորեն կապված է ՄԱԿ-ի`զինված բռնության բոլոր տեսակների դադարեցման դիտարկման մեխանիզմի շուտափույթ իրականացման հետ, որը նախատեսված է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւով», - կարծում է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
«Սակայն ոչ պակաս կարեւոր նշանակություն է ձեռք բերում կառուցողականության աստիճանը, որը կդրսեւորեն Սիրիայի կառավարությունը եւ ընդդիմադիր խմբերը` Անանի նախագծի իրականացման շարունակման վերաբերյալ», - ասել է Լուկաշեւիչը:
Նա հիշեցրել է, որ այս շաբաթ Մոսկվայում ընդունել էին Հանուն դեմոկրատական փոփոխություների ազգային համակարգող հանձնաժողովի պատվիրակությանը: «Հաջորդ շաբաթ սպասում ենք Փոփոխության եւ ազատագրման ազգային ճակատի ներկայացուցիչներին: Նախատեսվում է նաեւ այլ պատվիրակությունների եւ քաղաքական գործիչների այց, ներառյալ նրանց, ովքեր գտնվում են Սիրիական ազգային խորհրդի կազմում», - ընդգծել է Լուկաշեւիչը:




























