Արաբական երկրների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները արտակարգ նիստ կանցկացնեն ապրիլի 26-ին: Օրակարգում երկու հարց է. իրավիճակը Սիրիայում եւ աճող հակամարտությունը երկու Սուդանների միջեւ:
Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հիլին հայտնել է, որ սիրիական ճգնաժամի քննարկման ժամանակ գլխավոր թեման կլինի ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանի կատարումը հակամարտող կողմերի կողմից եւ ՄԱԿ-ի խաղաղապահների գործունեությունը:
Ինչ վերաբերում է Սուդանի խնդրին, ապա Սուդանն արդեն Արաբական երկրների լիգայից պաշտոնապես պահանջել է անհապաղ կազմակերպության նախարարական խորհրդի նիստ հրավիրել` քննարկելու «Հարավային Սուդանի ագրեսիան, որը օկուպացրել է Հեգլիգի շրջանի»:
ԱԵԼ-ն արդեն դատապարտել է Հարավային Սուդանի գործողությունները եւ կոչ արել անհապաղ դուրս բերել իր զորքերն այդ տարածքից: Բացի այդ, Լիգան համակարտության կողմերին կոչ է արել բարդ խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ապրիլի 11-ին Հարավային Սուդանի բանակը գրավել է Հեգլիգ քաղաքը, որտեղ գտնվում են Սուդանի նավթային ենթակառուցվածքների զգալի մասը: Հարավային Սուդանն իր քայլը բացատրել է նրանով, որ դրանով կանխել է Սուդանի կողմից հարձակումները: Ի պատասխան Սուդանի նախագահը հայտարարել է, որ Հարավային Սուդանի իշխանություններին միջատների պես կճզմի:




























