Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների համար բացառիկ դասախոսությամբ հանդես է եկել ռուսաստանաբնակ հայ մտավորական, բարերար, «AVA Group of Companies Oil & Gas Projects»-ի նախագահ Վլադիմիր Հարությունյանը: Նա բազմաթիվ բարեգործական ձեռնարկներ է ունեցել հայրենիքում, եւ հենց նրա միջոցներով է վերանորոգվել Ծաղկաձորի Կեչառիսի միջնադարյան վանական համալիրը:
Վլադիմիր Հարությունյանը Երեւան է եկել հատուկ Մանկավարժական համալսարանի հրավերով եւ ուսանողներին ներկայացրեց «Ռուսաստանը երեկ, այսօր, վաղը» թեմայով դասախոսություն:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ողջունելով ներկաներին, կենսագրական մանրամասներ ներկայացրեց հյուրի մասին եւ ընդգծեց, որ մեծ պատիվ է համարում նրա ներկայությունը Մանկավարժականում: «Ի դեմս նրա` մենք ունենք ամենատարբեր ասպարեզներում բացառիկ գիտելիքներ ունեցող, բազմաթիվ գեղարվեստական երկերի հեղինակ եւ մեծ բարերար հայրենակից»,- ասաց ռեկտորը:
Այնուհետեւ Ռուբեն Միրզախանյանը, համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Վլադիմիր Հարությունյանին շնորհեց ՀՊՄՀ պատվավոր դոկտորի կոչում:
Վլադիմիր Հարությունյանը բավականին մանրամասն ներկայացրեց ՌԴ-ի պատմությունը, նշելով, որ առանց անցյալի պատմության դժվար է դիմակայել եւ հասկանալ այսօրվա բարդ մարտահրավերները: «Ներկան նաեւ անցյալի պատմության արժեքների պահպանումն է»,-ասաց բանախոսն ու ներկայացրեց 300 տարվա պատմություն ունեցող Ռոմանովների դինաստիան, խոսեց նաեւ մինչ նրանց հաստատումը Իվան Ահեղի, Բորիս Գոդունովի, Դմիտրի 1-ին եւ մյուս կայսրերի ծավալած գործունեության մասին, եւ հատկապես շեշտադրեց Պետրոս Առաջինին: Խոսելով վերջինիս գործունեության մասին, Վլադիմիր Հարությունյանն ընդգծեց, որ մինչ այդ Ռուսաստանը մեկուսացած էր աշխարհից, եւ Պետրոս Առաջինի շնորհիվ բացվեց պատուհան դեպի աշխարհ. նա «հեղափոխություն» կատարեց բոլոր ոլորտներում:
Վլադիմիր Հարությունյանն այնուհետեւ անդրադարձավ խորհրդային իշխանության եւ վերակառուցման տարիներին: Իսկ Ռուսաստանի ապագայի մասին խոսելիս` ընդգծեց, որ անհրաժեշտ է ստեղծել ղեկավարման ժամանակակից համակարգ, ազատ եւ արդար հասարակություն, որտեղ կլինեն հավասար իրավունքներ եւ հնարավորություններ բոլորի համար: Դրան հասնելու ճանապարհը, ըստ բանախոսի` երկար է ու դժվար:
Վլադիմիր Հարությունյանը ընդգծեց, որ այսօրվա կարեւորագույն խնդիրը կիրթ հասարակություն ունենալն է, իսկ դրան հասնելու լավագույն տարբերակը` սոցիալիստական համակարգին վերադարձը, որը կապահովի անվճար ուսուցման իրավունք մանկապարտեզից մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատություն: Այս ամենի առկայության դեպքում ոչ ոք չի ցանկանա լքել հայրենիքն ու հեռանալ:
Վերջում Վլադիմիր Հարությունյան անդրադարձավ նաեւ Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության հեռանկարներին, նշելով, որ ծրագիր է մշակվում, ըստ որի Մոսկվայում կբացվի դպրոց, որտեղ առաջին 4 դասարաններում աշակերտները կսովորեն մայրենին` հայոց լեզու, իսկ արդեն բարձր դասարաններում հայ ժողովրդի պատմություն ու հայոց եկեղեցու պատմություն` հայերենով: Դպրոցին համապատասխան մասնագետներով եւ մասնագիտական գրականությամբ կապահովի մանկավարժական համալսարանը:



























