Տյումենի   ավիավթարի եւս մեկ  տուժած է վախճանվել, որն այս ամբողջ ժամանակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Այդպիսով, ավիավթարի զոհերի թիվը հասել է 33 մարդու, հայտնում է dni.ru-ն:

Ներկայումս հիվանդանոցներում են գտնվում 9 տուժածներ: Նրանցից 6-ը ծանր վիճակում են, 3-ը` միջին ծանրության:

Մոսկվա բուժման ուղարկված Նիկոլայ Իգնատյեւը մի քանի վիրահատություններից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքից սովորական բաժանմունք: Մի քանի օր առաջ տուժած ուղեւորներից մեկը դուրս է գրվել տյումենյան շրջանային Կլինիկական №2 հիվանդանոցից:

Մինչ այդ, ապրիլի 11-ին, մահացել էր Լյուդմիլա Վոլկովան, որը նույնպես այդ ճակատագրական չվերթով էր թռչում: Կնոջը երեք վիրահատության էին ենթարկել, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Հիշեցնենք, որ Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող «ՅուԹեյր» ավիաընկերության ATR-72 ինքնաթիռն ապրիլի 2-ին Տյումենի օդանավակայանից թռչելիս վայր էր ընկել: Ինքնաթիռում գտնվել են 43 մարդ` 39 ուղեւորներ եւ անձնակազմի 4 անդամներ: Տեղում մահացել էր 31 մարդ` ներառյալ անձնակազմի բոլոր անդամները, երկու ուղեւորներ էլ մահացել էին հիվանդանոցում: