Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը Օսլոյում, դատարանի դահլիճում հայտարարել է, որ սպանել սովորել է «Ալ-Կաիդա» խմբավորումից: Նա խոստովանել է, որ ինտերնետում շատ դժվար էր ռումբ պատրաստելու վերաբերյալ տեղեկատվություն գտնել:
«Նրանց ռազմավարության մասին շատ հեշտ էր տեղեկություն գտնել: Այդ ռազմավարությունը շատ հաճախ ենթադրում էր կրկնակի ահաբեկչություն: Ես ուսումնասիրեցի ահաբեկչական կազմակերպությունների ուժեղ եւ թույլ կողմերը, «Ալ-Կաիդան» ամենահաջողվածն էր: Նրանք օգտագործում են նահատակ հասկացությունը, որի վրա շատ բան է հիմնվում»,-հայտարարել է ահաբեկիչը:
Բրեյվիկը ուսումնասիրել է ճապոնական բուսի-դո-մեդիտացիան, որպեսզի հեշտությամբ ինքնասպան լինի: Այդպես ամբաստանյալը փաստացի դդարել է շփվել շրջապատի հետ, որպեսզի իրագործի իր պլանները, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
BBC-ի փոխանցմամբ, Բրեյվիկը դատական նիստերի 5-րդ օրը հայտարարել է, որ նորմալ հանգամանքներում ինքը շատ հաճելի անձնավորություն է, սակայն 2006-ին ձեռնամուխ է եղել սեփական ապահումանիզացմանը, որպեսզի կարողանա նախապատրաստվել եւ իրականացնել զանգվածային սպանությունները:
Նա նաեւ հայտարարել է, որ իր հանգիստ տեսքը, որն այդքան ապշեցրել է ներկաներին, իր պաշտպանական մեխանիզմն է: Նրա խոսքով, զինվորները պետք է նույնկերպ վերաբերեն ծայրահեղական թալիբներին, եթե ուզում են հակազդեն նրանց:
Իր ցուցմունքներում Բրեյվիկը հայտարարել է, որ Ուտոյա կղզում զանգվածային սպանություններ կազմակերպելու ժամանակ նախապես որոշել էր, որ պետք է կտրի երկրի վարչապետ Գրու Հարլմե Բրունդտլանդի գլուխը եւ դա ցուցադրի ինտերնետով, սակայն ահաբեկչության պահին վարչապետն արդեն հեռացած է եղել ճամբարից:




























