Հայաստանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիները կմանսակցեն Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կայանալիք ընտրություններին:

Ինչպես հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ապրիլի 20-ի մամլո ասուլիսում, Հայաստանում գտնվում են  Ֆրանսիայի  ընդամենը 500 քաղաքացիներ: «Ընտրացուցակներում 400-ից քիչ ավելի քաղաքացիներ են», - հայտնել է դեսպանը:

Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 22-ին: Պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 10 թեկնածուներ. Ֆրանսիայի գործող նախագահ, «Հանուն ազգային շարժման» կուսակցության ղեկավար Նիկոլա Սարկոզին, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը,  ծայրահեղական աջ «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Փենը,  «Ձախ ճակատի» թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը,  «Դեմոկրատական շարժման» (MoDem)  առաջնորդ Ֆրանսուա Բայրուն, «Եվրոպա բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության նախագահ Եվա  Ժոլին, «Վեր կաց, հանրապետություն» կուսակցության նախագահ Նիկոլա Դյուպոն Էնյանը, ծայրահեղ ձախ «Նոր հակակապիտալիստական կուսակցության» նախագահ Ֆիլիպ Փութուն,  տրոցկյան կոմունիստական  «Բանվորական պայքար» կուսակցության առաջնորդ Նատալի Արթոն եւ «Աջակցություն եւ առաջընթաց» կուսակցության հիմնադիր Ժակ Շեմինադը: