Այս տարվա սեպտեմբերին կթողարկվի Հայաստանի հաջողված բրենդերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հաշվետվություն: Այս մասին «Բրենդեր եւ բիզնես» միջազգային կոնֆերանսին նվիրված 20-ի մամուլի ասուլիսում հայտարարեց կոնֆերանսի կազմակերպիչ «Maeutica Armenia» ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը՝ ավելացնելով, որ հաշվետվությունում կներառվի նաեւ կոնֆերանսի նյութերի արդյունքները:

Ասուլիսին ներկա, բրենդինգի համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդատու Յոնաթան Դոմինիցը՝ նշեց, որ երեւանյան կոնֆերանսում կխոսի ժամանակակից հաղորդակցման միջոցների եւ բիզնեսի հնարավոր կապերի մասին:

«Սոցիալական ցանցերի տարածումը հանգեցրեց նրան, որ կոմունիկատիվ միջոցները «ժողովրդավարացան», այժմ դրանք ոչ թե «ուղեղների լվացման» գովազդային միջոցներ են, այլ բրենդի ու մարդկանց միջեւ երկխոսության հարթակ»,- ասաց Դոմինիցը՝ նշելով, որ բրենդինգում կարեւոր է հասկանալ, որ բիզնեսի գրավականը հասարակության մեջ է, որ կարեւոր է հասարակության ներգրավվածությունը դրանում:

Լոնդոնի INSTID գործակալության ղեկավար Ալեքսանդր Գրանդի խոսքով՝ հայաստանյան հաջողված բրենդերի մասին տեղեկություններ չկան, սակայն դրանցից կարող է դիտարկվել «Արարատը»: «Բոլորը գիտեն Չերչիլին եւ գիտեն Արարատ անունը, սակայն, իմ կարծիքով Բրիտանիայում քչերն են այս անվանումով հստակ պատկերացնում, թե իրականում ի՞նչ է դա»,- ասաց Գրանդը:

Ըստ նրա՝ սոցիալական կայքերում բրենդերի ֆինանսական չնչին եկամուտ են ապահովում ընկերությունների համար, սակայն ապահովում են բրենդի հետ հաղորդակցումն ու երկխոսությունը: