Հայ ազգային կոնգրեսը ուշացած է սկսել իր հանրահավաքը Ազատության հրապարակում: Թեեւ հանրահավաքի անցկացման մասին իրազեկումն  ընդունվել է ի գիտություն, սակայն հրապարակի մի ահռելի մասը արգելափակված էր, քանի որ բեմ էին պատրաստում աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչչելիի համերգի համար:

Այդուհանդերձ, Հայ ազգային կոնգրեսին հաջողվել է կես ժամ անց սկսել հանրահավաքը հենց կառուցված բեմից: Սակայն նույնիսկ այդ պայմաններում, ինչպես նշել է Արամ Մանուկյանը, իրենց թույլ չեն տալիս բեմին տեղադրել բարձրախոսները, որ մարդիկ լսեն:

Հանրահավաքին մասնակցում են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական ուժերը: Հանրահավաքը վարում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Վերջինս արձանագրել է, որ իշխանությունները բոլոր միջոցներով փորձում են խոչընդոտել ՀԱԿ-ի հանրահավաքները: Նույն վիճակն է Էջմիածնում, որտեղ «փառապանծ» գեներալներն ամեն ինչ արել են, որ մարդկանց ահաբեկելով հետ պահեն Կոնգրեսի հետ հանդիպումից:

Մանուկյանը նշել է, որ ամեն ինչ անելու են մայիսի 6-ին ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:

Մանուկյանը նշել է, ՀԱԿ-ը 37 ընտրատարածքներում ունի թեկնածուներ, եւ բոլորն էլ հրաշալի հնարավորություններ ունեն իրենց ընտրատարածքներից ընտրվելու. «Ժողովուրդը զզվել է իշխանություններից»: