Կահիրեի Թահրիր հրապարակում «Ճակատագրի ընտրություն» կարգախոսով զանգվածային ցույցը վեր է ածվել իսլամական ուժերի զորատեսի: Հրապարակում հավաքվել են «Մահմեդական եղբայրների», սալաֆիների «Նուր» կուսակցության եւ «Ալ Իսլամիա» խմբավորման ներկայացուցիչները:
Իսլամիստների կողմնակիցները պահանջել են նախընտրական ընտրարշավ վերադարձնել այն իսլամիստ-թեկնածուներին, որոնց դուրս էին թողել պայքարից, եւ Եգիպտոսում ստեղծել իսլամական պետություն:
Լիբերալ եւ երիտասարդական շարժումների ներկայացուցիչներն ստիպված են եղել լքել հրապարակը` բողոքելով իսլամիստների վարքագծից, հաղորդում է «Ռոսբալտը»:
Թահրիրի հրապարակում հավաքվածների մեծ մասի միակ ընդհանուր պահանջը եղել է նախագահական ընտրարշավին մասնակցելուց զրկել նախկին ռեժիմի ներկայացուցիչներին` նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին եւ Արաբական երկրների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսային:




























