Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը որոշ մարդիկ փորձում են վիժեցնել` Սերժ Սարգսյանին պահելու համար: Այդ մասին այսօր` ապրիլի 20-ին, հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ մինչ այդ շտաբի ստեղծումը ասում էին, թե ՀԱԿ-ը չի համագործակցում ընդդիմադիր ուժերի հետ, իսկ ստեղծումից հետո քննադատում են ՀԱԿ-ին: Ըստ Տեր-Պետրոսյանի, «ՀԱԿ-ին քննադատելով ուզում են պահպանել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ռեժիմը»: «Գողերի, ավազակների ողջ վարչակազմի եւ նրանց սպասարկմանը լծված լրատվամիջոցների խնդիրը այս շտաբի կործանումն է, որովհետեւ զգում են դրա վտանգը: Նրանք ամեն ինչ անում են՝ այս շտաբի գործունեությունը վիժեցնելու համար»,- նշել է Տեր-Պետրոսյանը: Նա ընդգծել է, թե շտաբում ընդգրկված կուսակցությունները ժամանակին դաժանորեն պայքարել են իրար դեմ, բայց այսօր հենց այդ կուսակցություններն են միավորվել, որովհետեւ բոլորը հասկացել են, որ ժամանակն է արդար ընտրություններ անցկացնելու:

Առաջին նախագահը նշել է, որ եթե շտաբի անդամ կուսակցությունները անկեղծորեն համագործակցեն, Սերժ Սարգսյանը երբեք չի կարող հաղթել: Անդրադառնալով «Ժառանգության» կողմից միասնական շտաբը լքելու հանգամանքին, Տեր-Պետրոսյանը կուսակցության վարմունքն անհասկանալի է որակել: «Ժառանգության» վարքը ինձ համար անհասկանալի է, գուցե կրթությունս չի բավականացնում, բայց անկեղծորեն չեմ հասկանում նրանց պահվածքը»,- նշել է Տեր-Պետրոսյանը` հրաժարվելով մեկնաբանել «Ժառանգության վարքը:

Նշենք, որ միասնական շտաբում ընդգրկված են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը»: