Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ եւ այցելել 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա ծանոթացել է շենքի ամրացման եւ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին:
Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության հիմնանորոգման եւ տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Այս համայնքում նախագահը ծանոթացել է նաեւ «Ագրոհոլդինգ Հայաստան» ընկերության տոհմային տնտեսության գործունեության արդյունքներին եւ զարգացման ծրագրերին:
Աշխատանքային այցի շրջանակում նախագահը մասնակցել է Կոշի ամբուլատոր կենտրոնի բացման արարողությանը եւս: Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի ոչ միայն Կոշի, այլ նաեւ հարեւան համայնքների բնակիչներին:




























