Աբխազիայում ձերբակալել են նախագահ Ալեքսանդր Անկվաբի վրա կատարված մահափորձի չորրորդ կասկածյալին:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հանցագործության մեջ կասկածվում է 36-ամյա Մուրթազ Սականիան Գուդաուտա քաղաքից:
Նա վարորդ է աշխատում ձեռնարկություններից մեկում, որի սեփականատերը մահափորձի կազմակերպիչ Անզոր Բուտբան է:
Ապրիլի 17-ին, հարցաքննության ծանուցագիր ստանալով` Մուրթազ Սականիան փորձել էր ինքնասպան լինել, սակայն նրան փրկել էին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ձերբակալման փորձի ժամանակ ինքնասպան էր եղել Աբխազիայի ներքին գործերի նախկին նախարար Ալմասբեյ Կչաչը:
Նշենք, որ Անկվաբի նկատմամբ մահափորձը կատարվել էր այս տարվա փետրվարի 22 –ին: Հետաքննությունը դուրս էր եկել Կչաչի վրա` առաջին կասկածյալների ձերբակալությունից հետո: Նրանք հայտնել էին, թե մահափորձը կազմակերպել է ՆԳ նախկին նախարարը:




























