Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կայանալու է մայիսի 3-ին: Այդ մասին հայտարարել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը այսօր` ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ավարտին:

Արամ Մանուկյանը նշել է, որ հանրահավաքի ավարտին երթ չի լինելու: Նա նաեւ հայտնել է, թե Հայ ազգային կոնգրեսը ապրիլի 24-ին, ժամը 12-ին հավաքվելու է Ազատության հրապարակում եւ երթ անելու դեպի Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհեևրի հիշատակը:

Նշենք, որ հանրահավաքին ելույթ են ունեցել Գայանե Առուստամյանը, Վլադիմիր Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը թեեւ մասնակցում էր հանրահավաքին, սակայն ելույթ չի ունեցել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել: