Հայաստանը որեւէ մեկի սեփականությունը չէ՛, իսկ այս ընտրապայքարն էլ խոստումների մրցույթ կամ աթոռակռիվ չէ, այլ նժարի վրա է դրված մեր երկրի ապագան: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, Արագածոտնի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շեշտել է, որ «Ժառանգությունը» սոսկ կուսակցություն չէ, այլ գաղափարախոսություն, եւ նրանում պետք է փնտրել ուժ, միասնություն եւ հաղթանակ»:
Բազմաբերդում, Կաթնաղբյուրում, Աշնակում, Թալինում բնակիչների հետ հանդիպմանը ելույթ են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը, ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը ու Զարուհի Փոստանջյանը, նախկին ԱԳ նախարար, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ այլոք:
Թալինում ելույթ ունեցողները կոչ են արել համամասնական ընտրակարգով «Ժառանգությանը» ձայն տալուց բացի, մեծամասնական ընտրակարգով քվեարկել ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանի օգտին, ով առաջադրված է Թալինն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում եւ իր համակիրների հետ միասին մասնակցել է «Ժառանգության» նախընտրական հանդիպումներին:
Հանդիպումները շարունակելով Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Աշոցք բնակավայրերում եւ Գյումրիում, «Ժառանգության» ներկայացուցիչները ներկայացրել են Նոր Հայաստանի իրենց տեսլականը, ծրագրերը եւ ապագան, որը ժողովրդի հետ միասնաբար կերտելու են: «Ժառանգության» միասնական ցուցակի անդամները նշել են, որ սեփական օրինակով իրենք համագործակցության եւ միասնության աննախադեպ մշակույթ են ներդրել Հայաստանի քաղաքական կյանքում, որի արդյունքները տեսանելի կլինեն թե՛ խորհրդարանական ընտրություններում եւ դրանից հետո:
«91թ.-ից սկսած Հայաստանի ժողովուրդը երբեք սխալ ընտրություն չի կատարել, ժողովրդին խաբելը հեշտ չէ, այլ հարց, որ վստահության քվե ստացողներին չի հաջողվել այն պահել», - արձանագրելով այս իրողությունը Քոքոբելյանը հավաստիացրել է, որ «Ժառանգության միասնական ցուցակում հանդես եկող ուժերը ի զորու են եւ թույլ չեն տալու, որ մայիսի 6-ին էլ կեղծվի եւ փոշիացվի քաղաքացու քվեն:




























