«Ես այսօրվա «Ժառանգությունը» չեմ համարում այն «Ժառանգությունը», որի հետ 5 տարի միասին խորհրդարանում աշխատել ենք: Այսօրվա «Ժառանգությունից», ըստ էության, մնացել է բրենդը եւ գնահատել, որ լրիվ տարբեր տեղերից եկած ու լրիվ տարբեր մարդկանցով մեկ քաղաքական ակումբում հավաքված մարդկանց խումբը ցանկի հրապարակումից 2 օր հետո դառնա թիվ 1 ընդդիմությունը, դա ինձ համար զարմանալի է»,- ըստ թերթի, նման կարծիք է հայտնել ՀՅԴ անդամ Արա Նռանյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը ներկայումս հենց «Ժառանգությանն» է համարում ընդդիմության լիդեր:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Արա Նռանյանին շնորհակալություն է հայտնել, որ վերջինս նման գնահատական է տվել. «Փաստորեն, ամրագրել է, որ անցած 5 տարիներին «Ժառանգությունը որպես ընդդիմություն կայացավ եւ դարձավ բրենդ»:
Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» ցուցակին, տիկին Բախշյանը նորմալ երեւույթ է համարում կուսակցություններում նոր մարդկանց ընդգրկելը. «Իրենք էլ բավականին նոր անդամներ ունեն իրենց ցուցակում եւ հայտնի չէ թե որտեղից են: 100 տոկոսով երաշխիք չկա, որ մեր ցուցակում ընդգրկված բոլոր մարդիկ պիտի այնպես աշխատեն, ինչպես «Ժառանգության» պատգամավորներն անցած 5 տարիներին»: Այդուհանդերձ, տիկին Բախշյանի վստահեցմամբ`ամեն նոր անդամի առջեւ պահանջ է դրված «Ժառանգության» նշաձողից միլիմետր անգամ չշեղվել, գրում է թերթը:




























